bannerbannerbanner
Название книги:

Սերը Յուպիտերի վրա

Автор:
Գայանե Մխոյան
полная версияՍերը Յուպիտերի վրա

000

ОтложитьЧитал

Шрифт:
-100%+

Նա անջատեց ջրի հոսքն ու սրբիչի մեջ փաթաթվեց`պատրաստվելով լոգարանից դուրս գալ: Ես խոհանոց փախա, ֆոտոապարատը դրեցի մի անկյունում ու որոշեցի սուրճ եփել: Միրգ, պաղպաղակ ու քաղցրավենիք տարա հյուրասենյակ,դասավորեցի սեղանին, հետո վերադարձա խոհանոց`սուրճի ետևից: Երբ ամեն ինչ պատրաստ էր, նստեցի բազմոցին ու սկսեցի պաղպաղակ ուտել: Ես ուզում եմ ինչքան հնարավոր է շուտ իմանալ, թե, այնուամենայնիվ, ինչպես է երեկ գտել ինձ, ու արդյոք ծնողներիս տեղեկացրել է, որ իր տանն եմ: Մի բան ես հաստատ գիտեմ.եթե դպրոցում որևէ մեկն իմանա, որ ինքնասպանության փորձ եմ արել, ինձ հոգեբանի մոտ կուղարկեն: Պիտի համոզեմ Պարոնին, որ ոչ մեկին ոչինչ չասի ու խոստանամ ինքնուրույն դուրս գալ վատ հոգեվիճակից: Ավելի լավ է մի անգամ սովորել ինքն իրեն օգնել, քան հազար անգամ ուրիշի օգնության հույսին լինել: Խնդիրներ կյանքում միշտ էլ լինելու են, հո չեմ կարող ամեն անգամ հոգեբանի մոտ գնալ? Ինչումն է իմ արժեքը, եթե ինքնուրույն ելք չգտնեմ? Պարոնն ինչու է ուշանում? սուրճը սառեց, իսկ պաղպաղակը ջուր դարձավ:Գնամ`տեսնեմ ուր կորավ:

Սկսեցի հերթով ստուգել բոլոր սենյակներն ու վերջում մոտեցա այն մեկին, ուր առավոտյան արթնացել էի: Դա Պարոնի ննջարանն է ամենայն հավանականությամբ:

–Կարելի է?-դուռը կիսաբաց անելով`կամաց հարցրի ես:

–Իհարկե,-լսվեց նրա ձայնը:

–Մի րոպե, հիմա կգամ,-կանչեցի ես ու խոհանոց վազեցի`ֆոտոապարատը բերելու:

Վայրկյաններ անց նորից ննջարանի մոտ էի: Դուռը զգուշորեն բացեցի ու ֆոտոապարատի նկարող մասը աննկատ ներս տարա: Կայծակնային արագությամբ մի քանի նկար արեցի ու սարքը միջանցքում թողելով`սենյակ մտա: Պարոնն այնքան ինքնամոռաց էր մարզվում, որ րոպեներ անց միայն հայացքն ինձ վրա գցեց:

–Գալիս եք սուրճ խմելու?-շփոթմունքս թաքցնելով` հարցրի ես:

Վեր կացավ տեղից ու միասին գնացինք հյուրասենյակ: Նրա ձեռքերն ու մաշկը դեռևս խոնավ են ու թարմություն են շնչում: Մենք նստած ենք բազմոցին`իրար շատ մոտիկ, ու ես Պարոնից անուշ հոտ եմ առնում: Դժվարանում եմ ասել, թե լոգանքի ժամանակ ինչ նյութով է մարմինն օծել`երևի յասամանի կամ մանուշակի բույր ունեցող հեղուկով: Նրա թարթիչները խոնավությունից առանձնացել են իրարից ու ավելի ընդգծվել: Փարթամ շուրթերը կարմրել են տաք ջրի ազդեցությունից, իսկ վզի վրայով դեռ վազում է ջրի մի քանի կաթիլ ու բլուզի տակով սլանում ներքև:

–Երեկ ինչպես գտաք ինձ?-հերթական անգամ հարցրի ես ու սեղանի կենտրոնում դրված ամանը ձեռքս առնելով` գդալով սկսեցի պաղպաղակ տեղափոխել ափսեիս մեջ:

–Ոստիկանության շնորհիվ:

Գդալը, որն այդ պահին սահեցնում էի սառը պաղպաղակի վրայով, հսկողությանս դաշտից հանկարծ դուրս եկավ ու այնպես պտտվեց, որ վրայի պաղպաղակը Պարոնի այտին թռավ, ապա գլորվելով ընկավ հատակին: Ես ափերով ծածկեցի երեսս: Եթե աշխարհում մրցանակ շնորհվեր մարդկանց հիասթափեցնելու անվանակարգում, ես առաջին տեղը կզբաղեցնեի հաստատ: Ինչպես եմ աշխարհից սեր ակնկալում, եթե նույնիսկ ես եմ ինձ ատում: Զզվում եմ ինձնից: Միթե աշխարհում կգտնվի մեկն, ում կկարողանամ դուր գալ այնպիսին, ինչպիսին կամ? Ու արդյոք դրանից ավելի թեթև կզգամ, եթե միևնույն է չեմ կարողանում ինքս ինձ ընդունել ու սիրել? Պարոնը երևի ժամերն է հաշվում, որ գնամ իր տնից:

–Կներեք,-հուսահատ տոնով ասացի ես,-հիմա կմաքրեմ:

–Թող,-ժպտաց նա ու ձեռքիցս առավ անձեռոցիկը, որը պատրաստվում էի քսել նրա պաղպաղակոտ այտին,– եթե իմ երեխան լինեիր, օրս շատ ուրախ կանցներ:

Ներքուստ անտանելի ցավ եմ զգում, բայց փորձում եմ ժպտալ: Անզորության զգացում ունեմ: Այս մարդն ինձ երեխայի պես է վերաբերվում, իսկ ես նրա մեջ սիրելի տղամարդ եմ տեսնում: Ինչի համար են մարդիկ սիրում, եթե այդ սերը երբեք չի փոխադարձվելու? Աշխարհում ամեն բան իմաստ ունի: Այդ դեպքում ինչ նպատակով են վերին ուժերն իմ մեջ առաջացրել զգացմունք, որը ոչնչի չի բերելու? Որպեսզի տանջեն ինձ? Ինչ մեղք եմ հասցրել գործել այսքան կարճ ժամանակում, որ նման պատժի եմ արժանացել? Ինչու ուրիշներին տրված է սիրված լինելու իրավունք, իսկ ինձ`չէ:

Պարոնը իրեն կարգի բերեց ու շարունակեց.

–Երբ բարձրացել էիր առևտրի կենտրոնի տանիք, որ ցած նետվեիր, կողքի շենքից` մեկը նկատել էր քեզ ու ոստիկանություն զանգել: Ներքև նայելիս ըստ երևույթին վախեցել էիր, կորցրել գիտակցությունդ ու բարեբախտաբար ոչ թե ցած, այլ տանիքին ընկել: Տեղ հասնելով`ոստիկաններն արագ վերև էին բարձրացել, քրքրել պայուսակդ`փորձելով քեզ ծանոթ կամ հարազատ մեկի հեռախոսահամարը գտնել: Պատմության տետրիդ հենց առաջին էջի վրա իմ հեռախոսահամարը նկատելով`զանգել էին`մտածելով, որ հայրդ եմ ու խնդրել, որ գամ քո ետևից: Երբ տվեցին անունդ, միանգամից ճանաչեցի ու հասկացա, թե բանն ինչումն է, որովհետև երեկ շատ վատ տրամադրությամբ դասից դուրս եկար: Ամեն դեպքում ես չէի մտածի, որ ընդունակ ես դրան: Առավոտյան ասացիր`մրցույթը չէր ինքնասպանությանդ հիմնական պատճառը: Ինչ էր պատահել?

Ստիպված պատմեցի ծնողներիս հետ ունեցած միջադեպի մասին:

–Ես զանգել էի ծնողներիդ, ներկայացել որպես ընկերուհիներիցդ մեկի հայր ու զգուշացրել, որ տանը չես գիշերելու:

–Աստված իմ,շնորհակալ եմ,-խորը շունչ քաշեցի,-եթե նրանք իմանային արածիս մասին, կծեծեին ինձ:

–Ես լռեցի, որ ցավ չպատճառեմ նրանց, ովքեր քեզ կյանք են տվել,-հառաչեց Պարոնը,-իսկ դու վաղվանից ստիպված կլինես դպրոցի հոգեբանի մոտ գնալ:

–Լավ էլի,-մռայլվեցի ես:

Արցունքի տաք կաթիլները հեղեղի պես թափվում են աչքերիցս: Չկարողացա զսպել ինձ ու գրկեցի Պարոնին: Ինչ լավ է, որ աշխարհում կա մեկն, ով իմ մասին հոգ է տանում: Ինչքան կուզեի, որ նա իմ հայրը լիներ: Գիտեմ, որ տարօրինակ է իմ այդ ցանկությունը: Ինչպես կարելի է համ սիրահարված լինել տղամարդուն, համ ուզել, որ քո հայրը լինի? Ոնց գլուխ հանեմ իմ հակասական ու խճճված զգացմունքներից?

–Դասդ ավարտվելու ժամն է մոտենում, շուտով պիտի տանը լինես: Հագնվիր, ես քեզ կուղեկցեմ,-գրկիցս ազատվելով`առաջարկեց նա,-վերնաշապիկս կարող ես քեզ վերցնել, եթե հավանում ես:

Մենք ծիծաղեցինք:

2016 թվական, մարտի 28

Աչքերս բացեցի ծնողներիս վեճի ձայնից: Արագ հագնվեցի ու հյուրասենյակ շտապեցի: Հայրս բղավում է մորս վրա ու ափով հրում: Նրանք նստած են նախաճաշի սեղանի շուրջ: Ներսս սկսում է կատաղությունից ու անզորությունից այրվել, երբ հորս զզվելի ձայնը ականջիս է հասնում: Մորս փոխարեն սեղանը վաղուց գլխին ջարդած կլինեի: Ես ներս մտա ու կանգնեցի սենյակի անկյունում`հետևելով իրադարձությունների զարգացմանը: Չեմ կարողանում հասկանալ, թե որն է վեճի պատճառը, դա ինձ առանձնապես չի էլ հետաքրքրում, կարևորն այն է, որ հորս ձայնը գնալով բարձրանում է, իսկ ձեռքերն ավելի ու ավելի կոպիտ են հրում մորս:

–Թող նրան,-միջամտեցի ես:

–Սենյակդ գնա,-գոռաց հայրս:

–Իմ հոգեկանի վրա այս ամենն ազդում է, խնդրում եմ, դադարեցրեք,-լացակումած աղերսեցի ես:

Ինձ վրա ուշադրություն չդարձնելով`նրանք շարունակում են լեզվակռիվը: Աչքերս արցունքներով են լցվել, սիրտս անզորությունից պայթում է: Հանկարծ հայրս այնպես հարվածեց, որ աթոռը կոտրվեց ու մայրս գետնին գլորվեց: Աչքերիս դիմացը սևանում է: Ես ուզում եմ դանակ վերցնել ու սիրտս մտցնել, որ ֆիզիկական ցավը խլացնի հոգեկանը: Վազեցի դեպի լոգասենյակ ու փակվեցի այնտեղ: Դարակներից մեկի վրա խրձով ածելի տեսա: Ձեռքս առա ու ամբողջ ուժով մաշկիս մեջ խրեցի: Հետո նորից ու նորից: Հատակն արյունոտվել է արդեն, իսկ ես ֆիզիկական ցավի փոխարեն հոգեկան թեթևություն եմ զգում: Մի քիչ էլ ու կտամ վերջս: Այս անգամ ինձ ոչ ոք չի փրկի:

–Բացա արա,-դռան ետևից լսվեց հորս բղավոցը:

Ես ձայն չհանեցի: Մոռացել էի, որ նա տան բոլոր դռների բանալիներն ունի: Մի քանի րոպեից պտտվեց բռնակն ու հայրս ներս մտավ: Տեսնելով ինձ արյունաթաթախ վիճակում`հանգստացնելու, հասկանալու փոխարեն բռնեց մազերիցս ու սենյակ տարավ: Գցեց անկողնու վրա ու սկսեց բռունցքներով գլխիս ու ուսերիս խփել: Ես ուժ չունեմ դիմադրելու, կուչ եմ եկել ու անձայն ընդունում եմ նրա հարվածները: Ինձ էլ կյանքում ոչինչ չի հետաքրքրում, եթե անգամ սպանելու լինի ինձ, մի նյարդ անգամ չեմ պատրաստվում շարժել: Թող անի հետս`ինչ ուզում է: Հանկարծ նա դադարեց ծեծել, մի կողմ քաշվեց ու սկսեց զննել ինձ: Ես քարացած հայացքով մի կետի եմ նայում, ներսից մեռած եմ: Հորս իմ դեմքի արտահայտությունն ըստ երևույթին վախեցրեց, ու դուրս գնաց`սենյակում ինձ մենակ թողնելով: Տան մեջ աղմուկը դադարեց: Ականջներիս մեջ խաղաղություն է: Մարմինս թուլացել է ծեծից ու ածելիի կտրվածքներից: Փակեցի սենյակի դուռը, ամբողջովին մերկացա ու փաթաթվեցի սառը ծածկոցով: Կտորի սառնությունը մեղմացրեց հոգեկան ցավը, երկու ձեռքով գրկեցի բարձն ու մոտ կես ժամ այդպես պառկած մնացի: Երբ գիտակցում ես, որ շուտով էլ չես լինելու, ներքուստ խաղաղվում ես…

Գլխումս պտտում եմ ինքնասպանությանս ծրագիրը: Դանդաղ բարձրացա պառկածս տեղից ու սկսեցի հագնվել, որ դասի գնամ: Ոչ մեկը չպիտի որևէ բան կասկածի:Երկար թևերով բլուզ հագա, որ ածելիի հետքերը ծածկվեն, մազերս կարգի բերեցի ու պայուսակս վերցնելով`դեպի դրսի դուռը քայլեցի: Հյուրասենյակի մոտով անցնելիս նկատեցի մորս, ով գլխահակ նստած է բազմոցին`հորս ոտքերի մոտ: Իրար արժանի են երկուսն էլ: Ատում եմ ամբողջ սրտով: Ուզում եմ, որ մինչև կյանքի վերջ տառապեն հոգեկանս այսպես քայքայելու համար: Չեմ ներելու, անգամ երբ հողի տակ լինեմ: Ես իրենց որպես ծնող չեմ ընտրել, իմ կարծիքը ոչ ոք չի հարցրել ծնվելուց առաջ, ուրեմն ինչու չեմ կարող վերջ տալ կյանքիս? Միթե նորմալ մարդը կընտրեր նման ընտանիքում ծնվել ու հասկացող, գիտակից ծնողների փոխարեն նման հայր ու մայր ունենալ? Եթե իրենց համար թեկուզ մի քիչ կարևոր լիներ իմ հոգեվիճակը, այդպես չէին վարվի հետս: Միգուցե երբ մարմինս մասնատված տեսնեն, խելքները գլուխները հավաքեն? Չնայած…ես թքած ունեմ, թե ինչ կլինի իմ մահից հետո: Ինքնասպան եմ լինում ոչ թե աշխարհը փոխելու, այլ նրա համար, որ անզգայանամ, չտանջվեմ էլ:

Փողոց դուրս գալով` սրճարան մտա ու եռման սուրճ գնեցի: Խմելով կանգառ հասա ու նկատեցի, որ մեր դպրոցի ավտոբուսը դանդաղ անցնում է`ըստ երևույթին վարորդը հույս ունի, թե կերևամ շուտով: Բարեբախտաբար ներսից մեկը նկատեց ինձ ու ավտոբուսը կանգ առավ, մինչև վազելով մոտեցա դռանը: Փաստորեն այնքան էլ անհաջողակ չեմ: Եթե մի րոպե ուշ դուրս եկած լինեի տնից, դասից ուշանալու էի հաստատ, որովհետև քաղաքային տրանսպորտով ճանապարհն ավելի երկար է տևում, իսկ մեր դպրոցի ավտոբուսը դասը սկսելուց կես ժամ առաջ է տեղ հասնում: Նստեցի վերջին շարքում` պատուհանի մոտ, ու ափերով գրկեցի սուրճի տաք ամանը: Այնպիսի ապատիա եմ զգում, որ նույնիսկ Պարոնին վերջին անգամ տեսնելու ցանկություն չունեմ: Միթե ես, իրոք, մտադիր եմ կյանքիս վերջ տալ? Մարդիկ, ովքեր, իսկապես, որոշել են անձնասպան լինել, նամակներ են գրում իրենց ընկերներին, հաշտվում հարազատների հետ, այցելում բարեկամներին, հրաժեշտ տալիս աշխարհին: Ես ինձ այնքան էլ ինքնասպանի պես չեմ պահում: Միգուցե ենթագիտակցորեն ուզում եմ ապրել, բայց գիտակցաբար չեմ հասկանում, թե ինչպես, որովհետև չեմ կարողանում էլ ծնողներիս հանդուրժել: Ինձ կատաղության է հասցնում անարդարության զգացումը. ինչու որոշ մարդկանց բաժին են հասել հասկացող, զարգացած ծնողներ, ովքեր հոգեպես աջակցել, հուսադրել, ոգեշնչել գիտեն, գիտակցում են ծեծի, բռնության հետևանքները, իսկ իմ ծնողներն ինձ միայն ցավ են պատճառում. մայրս` իր թույլ լինելով, իսկ հայրս`այդ թուլությունից օգտվելով: Միթե նրանք չեն հասկանում, որ հարաբերությունների նման մոդել տեսնելով`ենթագիտակցորեն այն կրկնելու եմ իմ ապագա ընտանիքում? Ստացվում է`պիտի հրաժարվեմ ընտանիք կազմելուց, որովհետև ինչքան էլ գիտակցաբար չուզեմ, ենթագիտակցորեն այնպիսի տղամարդու եմ ընտրելու, ով հորս պես ինձ սիրի`այսինքն պարբերաբար վրաս ձեռք բարձրացնելով ու ստորացնելով: Եթե ծնողներս ուրիշ լինեին, ես հոգեպես առողջ կլինեի ու այլ տեսակ մարդկանց կձգեի: Ամբողջ կյանքիս ընթացքում չեմ հիշում մի տղամարդու, ով ինձ ցավ պատճառած չլինի, որովհետև տղամարդու մասին պատկերացումներս ձևավորվել են հորս շնորհիվ`վաղ մանկությունում, իսկ նա ինձ համ սիրել է, համ ցավեցրել, դրա համար սիրո ուժգնությունը ցավի զգացմամբ եմ չափում, այլ ոչ թե հաճույքի: Ինչպես կարող եմ այսքանը հասկանալով` վերջ չտալ կյանքիս? Միթե հույս կա, որ երբևէ առողջ սեր կզգամ, լավ ընտանիք կունենամ, կկարողանամ որպես ամուսին ադեկվատ մարդու ընտրել, այլ ոչ թե հորս նմանակին, ով կկրկնի այն զգացմունքները, որ հորս հետ եմ ունեցել? Արդյոք իմ այս հիվանդ հոգեկանով կկարողանամ երջանիկ երեխա դաստիարակել, ով ինձ պես չի ուզի ինքնասպան լինել մի օր? Չեմ կարող նման պատասխանատվություն վերցնել ու խաղալ մարդկային ճակատագրի հետ, ես ինձ երբեք չեմ ների, եթե որևէ մեկն իմ պատճառով վերջ տա իր կյանքին: Ուզում եմ ապրել, բայց ելք չեմ տեսնում էլ…ասում են`մենք չենք կարող փոխել անցյալը, միայն կարող ենք ներկայի ու ապագայի վրա ազդել, բայց մոռանում են հաշվի առնել, թե անցյալում զգացածն ու վերապրածն ինչքան մեծ նշանակություն կարող է ունենալ ապագայում:

 

Ավտոբուսը մոտեցավ դարպասներին, ու նրանք դանդաղ բացվեցին: Մեր դպրոցը տասից ավելի ավտոբուս ունի, ու բոլորը ճիշտ նույն ժամին են տեղ հասնում: Ինձ միշտ զարմանք է պատճառել, թե ով է վերահսկում այս ամենը, ես երբեք չէի կարողանա նման հրաշալի կրթական համակարգ ստեղծել: Ինչքան բախտս բերեց, որ տեղափոխվեցի հենց այս դպրոց: Ինչ կլիներ ինձ հետ, եթե նախկին միջավայրում մնայի? Ինքնասպանությանս գործընթացը կարագանար միայն, եթե ծնողներիս գումարվեին հոգեկան խնդիրներ ունեցող ուսուցիչներն ու չինքնահաստատված համադասարանցիները:

Տրանսպորտից իջնելով`քայլերս ուղղեցի դեպի ֆիզիկայի շենք: Առաջին ժամը ֆիզիկա է: Զանգին դեռ հինգ րոպե կա: Մոտեցա պահարանիս, գրպանիցս հանեցի փոքրիկ բանալին ու դուռը բացելով`պայուսակս մեջը գցեցի:

–Չգիտեի, որ այդքան լավ լուսանկարիչ ես:

Ես հանկարծակիի եկա ու շրջվելով` տեսա մեր դասարանի Շառլի չարաճճի աչքերը:

–Ինչի մասին ես խոսում?

Նա իր վերարկուի ներսի երկար ու լայն գրպանից մի ծրար հանեց ու մեկնեց ինձ:

Ես անհամբերությամբ պատռեցի այն ու դուրս հանեցի միջի պարունակությունը: Նա անամոթաբար ժպտում է, իսկ իմ մատներն այնպես են դողում, որ քիչ է մնում նկարները գետնին թափեմ:

–Ինչ գործ ունեն սրանք քեզ մոտ?-կատաղությունից դողացող ձայնով հարցրի ես:

–Ֆոտոապարատդ երեկ լսարանում էիր թողել ու ճաշարան գնացել, ես էլ հետաքրքրությունից դրդված միացրի ու ուսումնասիրեցի, հետո իմացա, որ այն քեզ է պատկանում:

Ոտքերս ծալվեցին ու հատակին ընկա: Հիմա նա ամբողջ դպրոցով կտարածի Պարոնի մերկ նկարներն ու վերջս կգա: Ես ոտքի ելա ու առանց ետ նայելու`ամբողջ ուժով դուրս վազեցի ֆիզիկայի շենքից:

Որոշել էի երկար դասամիջոցին ինքնասպանությանս ծրագիրն իրականացնել, բայց, ինչպես երևում է, հիմա է իսկական ժամանակը: Կյանքում այսքան արագ չէի վազել: Մինչև գլխավոր շենքը քիչ մնաց: Դասի զանգն արդեն տվել է ու տարածքում ոչ ոք չկա: Աստված իմ, նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե Պարոնն ինչ վիճակում կհայտնվի, երբ այդ նկարները մարդկանց ձեռքն ընկնեն, ու հայտնի դառնա, որ ես եմ լուսանկարել: Նրան նույն րոպեին կհեռացնեն դպրոցից: Ես միայն դժբախտություն եմ բերում`առաջնահերթ ինձ, հետո` մյուս մարդկանց: Արցունքները առատորեն թափվում են աչքերիցս: Եթե ծնողներիս հետ կապված իրավիճակը մի կերպ հնարավոր էր կուլ տալ, հիմա իմ պատճառով վնասվելու է այն մարդը, ում աշխարհում ամենից շատ եմ սիրում, ու ով փրկել է իմ կյանքը: Ես կայծակնային արագությամբ գլխավոր շենք ներխուժեցի ու սլացա դեպի տանիք: Այնտեղ շատ անգամ էի եղել դասարանցիներիս հետ: Նման բարձրությունից շատ գեղեցիկ նկարներ են ստացվում`հատկապես բացօթյա միջոցառումների ժամանակ, որոնք մեր դպրոցում հաճախ են կազմակերպվում: Եթե հիմա որևէ մեկը դիմացս դուրս գա, ոտքով-գլխով կորած եմ. ստացվում է`դասի չեմ նստել, որի համար գրավոր նկատողություն կստանամ, դա էլ հերիք չի, աննպատակ թափառում եմ:

Անվտանգ կտուր հասա ու խորը շունչ քաշեցի: Ինձ ոչ ոք չնկատեց: Հուսով եմ: Ժամը տասը չկա, ու օդը սառն է: Ամբողջ մարմնով ձգվեցի դեպի երկինք, կլանեցի խոնավ ու թարմ օդը: Լիլի, կողմնորոշվիր արագ`կյանք թե մահ: Այս դպրոցում ամենքի շնչածն ու արտաշնչածը վերահսկվում է: Շուտով պարզ կդառնա, որ մտել եմ դպրոցի տարածք, բայց դասի չեմ նստել: Ինձ գրավոր նկատողություն կանեն ու կարող եմ մոռանալ բարձր վարկանիշի մասին: Շառլը բոլորին կպատմի նկարների մասին ու Պարոնին դպրոցից կհեռացնեն: Ոչ ոք չի մանրանա, թե իրական մեղավորն ով է, որովհետև, ինչ խնդիր էլ որ ծագում է, պատասխանատու է ուսուցիչը: Զզվում եմ ինձնից: Ծնողներիս մասին ավելի լավ է լռել: Եթե դպրոցը փոխել կարող ես, ծնողները մեկն են ու նրանցից փախչելու տեղ չկա`ամեն դեպքում հիմա, երբ անչափահաս եմ: Կողմնորոշվիր, Լիլի: Միթե, գրողը տանի, խղճուկ գոյություն քարշ տալն ավելի նախընտրելի է, քան մահը?

–Ավելի լավ է մի որոշ ժամանակ ցեխի մեջ գալարվել, բայց հետո դուրս գալ, քան խեղդվել մեջը միանգամից ու անվերադարձ:

Շրջվեցի ու ետևումս տեսա Պարոնին: Ափերով ծածկեցի երեսս: Նա երկրորդ անգամ է փրկում կյանքս: Խեղճ մարդ: Մինչ կհասցնեի մտքերս հավաքել, վազելով ինձ մոտեցավ ու ուժով իջեցրեց տանիքի ծայրից:

–Ինչ դաս է մոտդ?

–Ֆիզիկա:

Նա բռնեց ձեռքս ու ֆիզիկայի շենք տարավ: Ես դասարան մտա, իսկ Պարոնը ուսուցչին դուրս հրավիրեց`զրուցելու: Համադասարանցիներիս դեմքերի մեջ ոչ մի փոփոխություն չնկատեցի:

–Ինչու փախար?-կողքիս տեղավորվելով`հարցրեց Շառլը:

–Լռիր, ապուշ: Հասցրել ես, չէ, պատմել բոլորին նկարների մասին?

–Ինչի տեղ ես ինձ դրել,-զարմացավ նա,-միթե, իրոք, մտքովդ անցել է, որ կտարածեմ դա դպրոցում ու կխայտառակեմ քեզ?

Ես շրջվեցի ու այնպես նայեցի Շառլին, ասես այլմոլորակային էի տեսել: Իրոք որ, ինչից վերցրի, որ նա ուզում է ինձ վատություն անել? Խորը շունչ քաշեցի ու ափս նրա մատներին դրեցի:

–Շնորհակալ եմ…կներես, եթե վիրավորեցի քեզ, ես մարդկանց կասկածանքով եմ վերաբերվում ու բոլոր անհասկանալի իրավիճակներում միշտ վատը մտածում: Երևի նրանից է, որ կյանքում շատերից եմ հիասթափվել:

Շառլը ժպտաց:

Սիրելի օրագիր, քանի դեռ գլխավոր խնդիրս ծնողներս էին, ինձ թվում էր, թե իրավիճակից ելք չկա, բայց հենց ավելի մեծ խնդիր ավելացավ, գիտակցեցի, որ դա մանրուք էր: Ես երջանիկ եմ զգում, որ Պարոնը չի տուժի իմ պատճառով: Այնքան ուրախ եմ, որ պատրաստ եմ աչք փակել կերածս ծեծի ու ձեռքերիս վերքերի վրա: Ես իմ վնասներն ավելի հեշտությամբ կարող եմ տանել, քան այն մարդունը, ում սիրում եմ:

2016 թվական, ապրիլի 1

«Երազում եմ առաջին համբույրս Ձեզ նվիրել…»

Ես կանգնել եմ Պարոնի աշխատասենյակի դռան մոտ ու զգուշորեն փակցնում եմ անուշահոտ թղթիկը: Շուրջս նայեցի`համոզվելու համար, որ մոտակայքում ոչ ոք չկա: Հանկարծ պատուհանի մոտ մեկի շողքը երևաց, հետո ոտնաձայներ լսվեցին: Թաքնվեցի միջանցքի մութ անկյուններից մեկում: Սիրտս սկսեց արագ բաբախել, երբ պարզվեց, որ եկողը Պարոնն է: Հետաքրքիր է`ինչպես կարձագանքի գրածիս?Նա մոտեցավ դռանը, պոկեց վարդագույն թղթիկն ու կարդաց միջինը: Դեմքին ժպիտ հայտնվեց: Մատները տարավ ծոցագրպանին ու գրիչ հանեց: Ես անհամբերությունից ու հուզմունքից եղունգներս եմ կրծում: Նա ինչ-որ բան գրեց նույն թղթի վրա, ապա այն նորից դռան վրա փակցնելով`մտավ սենյակ: Տասը րոպե սպասելուց հետո վերջապես դուրս եկա թաքստոցից ու ոտնաթաթերիս ծայրերի վրա հասա դարչնագույն դռանը: Եվս մի ակնթարթ, ու նամակն ինձ մոտ էր: Վազելով դուրս փախա պատմության շենքից ու վստահ լինելով, որ անվտանգ տեղում եմ, բացեցի.

«Երազիր, երազելը մեղք չէ…»

Ծիծաղս գալիս է: Միթե կարող էի ուրիշ պատասխան ակնկալել?

*

Գլխավոր շենք եմ եկել, որ գրադարանից պատմության գրքեր վերցնեմ: Ես ինձ այնքան էլ գեղեցիկ, կանացի ու գրավիչ չեմ համարում տղամարդկանց հենց այնպես դուր գալու համար, հետևաբար Պարոնի ուշադրությունը գրավելու միակ եղանակը դառնալն է նրա ամենասիրելի աշակերտը: Իմ երազանքը նրա համար յուրահատուկ մեկը լինելն է, թեկուզ ոչ որպես կին…համ էլ ես վստահ չեմ, որ ուզում եմ զգացմունքներիս մասին ասել: Միևնույն է`նա ինձ երբեք էլ չի սիրի, ավելի լավ է`չիմանա, որ սիրահարված եմ:

Ընդամենը երկու շաբաթ ժամանակ ունեմ այս գրքերի պարունակությունը մտապահելու համար: Եթե օլիմպիադային մրցանակ շահեմ, Պարոնն ինձ երևի կգրկի, ու կկարողանամ նրա հոտը քաշել թեկուզ մի քանի ակնթարթով…ես պատրաստ եմ օրերով չքնել գիշերները, չուտել, չխմել, ընկերների փոխարեն պատմության գրքերի հետ ժամանակ անցկացնել, միայն թե հնարավորություն ունենամ զգալ,թե ինչպես են սեր կոչվող թմրանյութի մի քանի մոլեկուլ հոսում երակներիս միջով:

–Լիլի, երբ կվերադարձնես գրքերը?

–Օլիմպիադայից հետո: Մի անհանգստացեք, լավ կպահեմ:

–Ինչու ես ծիծաղում?-զարմացավ գրադարանավարուհին:

–Պատկերացրի, թե գիշերվա չորսին ինչպես է սուրճի բաժակը շուռ գալիս թերթերի վրա: Կներեք, պիտի վազեմ, ուշանում եմ ավտոբուսից:

Ես դուրս եկա սենյակից`գրքերի տոպրակները մատներիս մեջ ամուր սեղմելով: Աջ ոտքս սկսում է ցավել, ինձ ծանրություն չի կարելի: Երբ անցնում էի լսարաններից մեկի կողքով, հանկարծ Պարոնի ձայնն ականջիս հասավ: Կանգ առա դռան մոտ ու ականջ դրեցի.նա ըստ երևույթին հեռախոսով է խոսում, ինչ-որ մեկին պատմում է, որ երեկոյան «Jardin du Luxembourg» զբոսնելու է գնալու: Հիանալի է, վաղուց ոչ մի այգում չեմ եղել…

*

–Լիլի? Ինչ է պատահել? Չգիտեի, որ գալու ես:

–Սսսս,-մատս դրեցի Նատալիի շուրթերի վրա ու պատմության գրքերը քարշ տալով`նրա սենյակ անցա,-դու տարբեր գույների լինզաներ ու կեղծամներ ունեիր, չէ?

–Հա, ինչու?

–Կարող ես ինձ այնպես դիմահարդարել ու վերափոխել, որ անճանաչելի դառնամ?

–Քեզ ոստիկանները որոնում են?

Ես սկսեցի ծիծաղել:

–Հիմա կօգնես թե չէ? Հետո կբացատրեմ ամեն ինչ, եթե, իհարկե, ինձ ոստիկաններն, իրոք, չբռնեն:

–Խելագար: Ինչպիսի սանրվածք ես ուզում?

–Շեկ, խուճուճ մազեր:

–Ահա,-ընկերուհիս պահարանի միջից մի կեղծամ հանեց ու մեկնեց ինձ:

–Հիանալի է,-հայելու մեջ արտացոլանքիս նայելով`հրճվեցի ես:

–Իմ կարծիքով այս կերպարիդ կանաչ լինզաներ շատ կսազեն:

–Իսկ ինչպես են դրանք դնում?

–Մաքուր մատներով,-ծիծաղեց Նատալին,-սպասիր լվացվեմ, գամ:

Հինգ րոպեից նա վերադարձավ`սրբիչը ուսին:

–Ցավելու է?

–Չէ, ինչ ես ասում, բայց կտրուկ շարժումներ չանես, հանգիստ կանգնիր ու աշխատիր աչքերդ չթարթել:

Նա կլոր լպրծուն բանը դրեց բիբիս վրա:

–Մի քանի անգամ վերև-ներքև նայիր:

Ես լուռ կատարում եմ նրա հրահանգները:

–Վերջ, պատրաստ է: Հիանալի տեսք ունես, գեղեցկուհի:

–Ինձ դուր է գալիս աչքերիս նոր գույնը:

Նատալին բացեց իր զգեստապահարանը: Ես միանգամից ձգվեցի դեպի քրքրված ջինսերն ու սպորտային վերնաշապիկները:

–Մնաց դիմահարդարումը:

–Կարող ես ինչ-որ մուգ գույնի շրթներկ քսել`շուրթերս մի քիչ մեծացնելով, քիթս էլ այնպես ընդգծիր, որ փոքր երևա: Իրականում ես իմ դիմագծերը սիրում եմ, պարզապես չեմ ուզում, որ Պարոնն ինձ ճանաչի:

Նատալին այդ պահին յուգուրտ էր խմում ու քիչ մնաց խեղդվեր:

–Կարծես թե գլխի եմ ընկնում, թե դու ինչ ես մտածել:

Մենք բազմանշանակ ժպիտներ փոխանակեցինք:

*

Նստել եմ կանաչ խոտերին ու պատմության գիրք եմ կարդում, ինձանից մի քանի մետր հեռավորության վրա Պարոնը պիկնիկ է անում: Արդեն կես ժամ է`այստեղ եմ, բայց չեմ կարողանում նրա ուշադրությունը գրավել: Հանկարծ գլխումս լավ միտք ծագեց: Տեղիցս վեր կացա ու նրա կողքով անցնելիս իբր պատահաբար գիրքս գցեցի ուտելիքների մեջ: Գրադարանավարուհին կսպանի ինձ հաստատ:

–Կներեք,-դեմքի հնարավորինս անմեղ արտահայտություն ընդունելով` կմկմացի ես:

–Բան չկա,-ժպտաց նա,-կազմն է միայն կեղտոտվել, նստիր,կմաքրեմ:

Պարոնը թաց անձեռոցիկով սրբում է կետչուպի հետքերը, իսկ ես չեմ կարողանում հայացքս նրա երկար թարթիչներից ու փարթամ շուրթերից կտրել: Ինչ նուրբ մատներ ունի…ոնց կուզեի դիպչել դրանց:

–Սիրում եք պատմություն?

–Ասեմ ավելին`դասավանդում եմ:

–Ինչու եք հենց այդ մասնագիտությունն ընտրել?

Նա ոչինչ չպատասխանեց: Սկսեցի տապակած կարտոֆիլ ուտել ու մտքերի մեջ ընկա:

–Իսկ դու ինչ ես ուզում դառնալ?-հանկարծ հարցրեց նա:

–Ես արվեստի մարդ եմ, բայց ծնողներս ստիպում են, որ տեխնիկական կրթություն ստանամ:

–Շուրթերիդ մայոնեզ է քսվել, արվեստի մարդ,-ծիծաղեց Պարոնն ու դեպի ինձ ձգվելով`սրբեց:

–Կուզեք, միասին զբոսնենք?-հանկարծ բերանիցս դուրս թռավ:

–Դեմ չեմ,-ժպտաց նա ու բռնեց մատներս:

Մենք քայլում ենք դեպի փոքրիկ լճակը: Չգիտեմ`ինչից խոսել հետը: Ուրիշ հարց, եթե ինձ հասակակից լիներ: Միթե մտավոր առումով ոչ մի կերպ չենք հատվում ու ընդհանուր հետաքրքրություններ չունենք? Ես գտնում եմ, որ մարդը միշտ ձգվում է դեպի նա, ով շատ թե քիչ նման է իրեն:

–Անունս Իզաբել է,-վերջապես ներկայացա:

–Շատ հաճելի է:

Այդ պահին մեր մոտով հսկա շուն էր անցնում, ու ես բնազդաբար Պարոնին սեղմվեցի: Ինչ տաք են նրա ձեռքերը: Առիթից օգտվելով`սկսեցի քաշել նրա հոտը: Հետաքրքիր է`միթե այդքան անճանաչելի եմ դարձել, որ ոչ մի կերպ կասկած չեմ հարուցում? Ինչպես երևում է`ես նրան դուր եմ գալիս:

 

–Սպասիր, հիմա կգամ,-նա վազեց պաղպաղակ ու քաղցր բամբակ գնելու:

Հիանալի է: Շուրջս զննելուց ու համոզվելուց հետո, որ ոչ ոք վրաս ուշադրություն չի դարձնում, դանդաղ մտա լճակի մեջ ու այնքան խորացա, մինչև ծնոտս ծածկվեց ջրով: Ոտքերս հազիվ են շոշափում հողը:

Երբ նկատեցի Պարոնին, ձևացրի, որ խեղդվում եմ, ու նա, քաղցրավենիքը ձեռքից ներքև գցելով, վազելով ջուրը նետվեց: Ինչքան է այս տղամարդը սիրում փրկել ինձ: Իմ ոտքերը փաթաթվեցին նրա իրանին, իսկ գլուխս ուսին դրեցի: Վերջապես հնարավորություն ունեցա ավելի մոտ լինել նրա վառվռուն աչքերին, վարդագույն շուրթերին ու տաք շնչառությանը…միակ բանը, որի մասին այս պահին մտածում եմ, քիթս մոտեցնելն է նրա վզին ու ներծծելը մարմնի անուշ հոտն ու խելքահան անող բուրմունքը…Ես հիմա Իզաբելն եմ, նշանակում է Լիլին պատասխանատվություն չի կրում գործողություններիս համար: Ինչու չօգտվել առիթից ու վայելել պահը? Բարձրացրի աչքերս ու նրա գեղեցիկ այտերին նայեցի: Գիտեմ, որ դրանք իրականում այնքան էլ սիրուն չեն, ինչքան ինձ է թվում, այնուամենայնիվ, շատ եմ ուզում դիպչելու թույլտվություն ունենալ: Երբ հայացքս կանգ առավ վարդագույն ու փարթամ շուրթերի վրա, ինձ մի պահ թվաց, որ առաջին համբույրս ես նրան արդեն տվել եմ.այդ ոչ նյութական ու մտացածին համբույրը հայացքիս մեջ է, աչքերումս կուտակված տխրության ու կարոտի, այդ հորինված ու կարմիր համբույրը այտերիս մեջ է, որոնք շարունակ շառագունում են նրան մոտ լինելու հաճույքից: Առաջին համբույրս ամենուր է, միայն Պարոնի շուրթերին տեղ չունի…

–Ինչ էի անելու առանց Ձեզ:

Նա ժպտաց ու աչքերիս մեջ նայեց: Միթե դրանք ինձ չեն մատնում…?

–Մոտակայքում եմ ապրում, արի մեր տուն գնանք, կմրսես:

–Ինչ լավն եք,-ուրախացա ես:

*

Երբ տուն մտանք, միանգամից հանեցի շորերս`հայացքով աղաչելով նրան, որ իր կարմիր բլուզն ինձ տա:

–Վերցրու:

Աչքերս փայլում են ուրախությունից.բլուզն իմն է: Այնպիսի զգացողություն ունեմ, ասես նոր ծնված լինեմ: Ջուրը թուլացրել է մարմինս ու նյարդերս: Պարոնը տաք սուրճ ու պիցցա բերեց:

–Եկեք հատակին պառկենք,-առաջարկեցի ես ու առանց պատասխանի սպասելու`տեղավորվեցի հեռուստացույցի դիմաց:

Տեսնելով, որ նա չեմուչում է անում, բռնեցի մատներից ու դեպի ինձ քաշեցի:

–Լավ, խնդիր չկա,-ծիծաղեց նա:

Մենք, հատակին պառկած, պիցցա ենք ուտում ու մուլտֆիլմ դիտում: Բոլոր պայմաններն առկա են երջանիկ զգալու համար, բայց աչքերիս մեջ տխրություն կա: Ես ուրախ եմ, որ սիրածս մարդու հետ եմ, կարող եմ շփվել դասերից դուրս, ճանաչել նրան, բայց նեղվում եմ, որ ստիպված եմ ուրիշ աղջիկ ձևանալ:

–Մուլտֆիլմի ամենասիրածս հատվածն է,-հիացած բացակաչեցի ես ու շրջվեցի դեպի Պարոնը:

Նա քնել է…Աստված իմ…դեմքս մոտեցրի ու ցուցամատով շոյեցի ճակատը: Կյանքում ոչ մեկի հանդեպ այսքան քնքշություն չեմ զգացել: Գլուխս կրծքին դրի:

–Սիրում եմ Ձեզ…

Արցունքներս նրա այտերին են թափվում: Ափերով սրբում եմ աչքերս ու միաժամանակ համբուրում նրա կոպերը: Ես երազում եմ, բայց չեմ շտապում միացնել մեր շուրթերը համբույրի մեջ: Ուզում եմ հետաձգել ցանկալի պահը:

Հանկարծ Պարոնի հեռախոսը սկսեց շարժվել սեղանի վրա: Ինչ-որ մեկը նրան նամակ է ուղարկում: Արագ վերցրի ու վազեցի լոգասենյակ: Գրողը տղամարդ է: Լավ, հետաքրքիր չի: Իմ նպատակն ամենևին էլ ներխուժելը չի Պարոնի անձնական տարածք: Ինձ հարկավոր է միայն ճշտել, թե որտեղ է նա սիրում իր ազատ ժամանակն անցկացնել, որպեսզի հնարավորություն ունենամ խաչվել հետը: Մտա նշումների բաժին: Երեքշաբթի երեկոյան լինելու է Ալեքսանդր Երրորդի կամրջի մոտ: Այն Սենայի ափին է գտնվում ու Փարիզի ամենառոմանտիկ վայրերից է:

Զգուշորեն բացեցի լոգարանի դուռն ու անձայն վերադարձա հյուրասենյակ: Հեռախոսը տեղը դրեցի ու մերկացա: Պարոնը դեռ քնած է հատակին: Կռացա ու ձեռքն ափիս մեջ առա: Շուրթերս մոտեցրել եմ նրա մատների ծայրերին ու համբուրում եմ: Քիթս էլի սահում է վզի վրայով ու կլանում մարմնի հոտը: Ես քսում եմ նրա տաք ափը մերկ ուսերիս ու ոտքերիս: Չէ, իմ զգացածը կիրք չի, այլ քնքուշ սեր:

Կամ էլ խաբում եմ ինձ:

–Սերս զգալու համար պարտադիր չի գիտակցաբար արթուն լինեք, բավական է խոսելիս շուրթերս մոտեցնեմ Ձեր կրծքին, ու սրտով կլսեք ինձ: Սիրտը երբեք չի քնում, այն բաբախում է անգամ երբ մարդու կոպերը փակ են, անգամ երբ գիտակցության ուժով ստիպում ես կանգ առնել: Սիրում եմ…

Աթոռի վրայից վերցրի շորերս ու շոշափեցի կտորը: Դեռ խոնավ է, բայց ոչինչ. շուտով կմթնի, իսկ ես պիտի հասցնեմ Նատալիի տուն գնալ`պատմությանս գրքերի ետևից: Արագ հագնվեցի ու Պարոնին մի երկտող թողնելով`բնակարանից դուրս եկա:

*

Իզաբելի դերն ինձ ասես ազատում է պատասխանատվությունից, ստիպում ավելի ազատ զգալ ու սրտով ապրել, բայց ներսումս տհաճության զգացում կա: Ինչքան կարող եմ ձևանալ ու ուրիշ աղջկա կերպարի մեջ հանդես գալ: Ես ուզում եմ Լիլին լինել ու դուր գալ Պարոնին, հնարավորություն ունենալ շփվել հետը դասերից դուրս, մտերմություն անել, զանգել, գրել, հանդիպել: Օր օրի ավելի եմ կապվում հետը, զգացմունքներս խորանում են, ու ցավ եմ զգում`գիտակցելով, որ իր համար սովորական աշակերտ եմ: Աշխարհում ինչ-որ բան սխալ է. սիրտս յուրահատուկ է համարում նրան, ով ինձ հասարակ աչքերով է նայում:

Գիշերվա չորսն է: Աչքերս շաղվում են արդեն: Եթե օրական հիսուն էջ կարդամ, օլիմպիադայից մի օր առաջ կավարտեմ պատմության բոլոր գրքերը: Ինչու չի ստացվում հավատալ, որ արժանի եմ սիրո միայն նրա համար, որ աշխարհում գոյություն ունեմ`առանց ձեռքբերումների, դափնիների` պարզապես լինելով այնպիսին, ինչպիսին կամ?Արդյոք խնդիրն, իրոք, մանկությանս մեջ է, որտեղ ինձ չեն սովորեցրել առանց պայմանականության սիրվել? Ես, իսկապես, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է մարդկանց, ովքեր ինչ-որ արժեք են ստեղծում, փորձում են աշխարհն ավելի լավը դարձնել, զարգացնում են գիտությունը, կրթությունը, բիզնեսն ու մյուս ոլորտները, որոնց վրա հենվում է մարդկության առաջընթացը ու նրանց, ովքեր կյանքում ոչ մի նպատակ, ցանկություն, երազանք չունեն, նույն հարթության վրա դնել ու համարել, որ տիեզերքում հավասար արժեքներ ունեն: Չեմ հանդիպել ավելի տարածված գաղափարի, քան այն, որ մարդը չպիտի իրեն` ունեցած ձեռքբերումներով գնահատի, բայց իրականում ոչ ոք չգիտի`ինչքանով է դա համապատասխանում իրականությանը: Ուրիշ բան, եթե ծնվելիս` որպես հավելված, օրենքների ու կանոնների ժողովածու ստանայինք, որտեղ հստակ գրված լիներ, թե ով ենք, ինչու ենք լույս աշխարհ եկել, ինչ նպատակի ենք ծառայում ու ինչպես է պետք կյանքն ապրել, բայց, գրողը տանի, մենք կատարյալ անորոշության մեջ ենք, դրա համար ինքներս ենք բոլոր այդ հարցերի պատասխանները հորինում ու մյուսներին տրամադրում, որ այդ է ճշմարտությունը: Իմ կարծիքով մարդը արժեքավոր է այնքան, ինչքան կարողացել է աշխարհի համար արժեք ստեղծել: Ես տանջվում եմ, որովհետև անպետք եմ ինձ զգում, հասարակ մեկը, ում վիճակված է դպրոցն ավարտել, պահանջված մասնագետ դառնալ, ամեն օր գնալ նույն միապաղաղ աշխատանքին, իսկ վերջում մեռնել, ինչպես բոլորը: Ինձ համար անտանելի է միջակությունը, իսկ ես այդպիսին եմ դեռ: Ամեն անգամ ներքուստ փոքրիկ ինքնասպանություն եմ ապրում, երբ հայրս արժեզրկում է զբաղմունքներս, հետաքրքրություններս, երազանքներս ու ինձ ներշնչում, որ աշխարհում կան ընտրյալներ, ովքեր ծնվել են հաջողության հասնելու համար, իսկ ես հասարակ մարդ եմ ու պիտի հարմարվեմ: Ամենասարսափելին այն է, որ, երբեմն մոտս կասկածներ են առաջանում, որ դա այդպես է: Շուտով համալսարան պիտի ընդունվեմ ու գաղափար անգամ չունեմ, թե ինչ անել, որ ճանապարհն ընտրել: Ես չեմ հասկանում, իրոք, երաժշտությունը, գրականությունն ու արվեստն է իմը, թե պարզապես ինքս ինձ տրամադրել եմ: Խնդիրն այն է, որ շատ եմ վախենում սխալվելուց, ձախողելուց ու հիասթափությունից: Ոչ մի կերպ չեմ կարողանում ընտրություն անել, իսկ ժամանակն ինձ չի սպասում: Կյանքս անցնում է, իսկ բոլոր օրերը նման են իրար, ոչ մի հետաքրքրություն, ուրախություն, իմաստ չի երևում: Զզվում եմ ինձանից ամբողջ սրտով, որ տասնյոթ տարվա մեջ չհասկացա գոնե, թե ով եմ ու ինչով եմ ուզում կյանքում զբաղվել: Մեր տանը բացասական մթնոլորտ է միշտ տիրում, անտանելի է լինելը դժբախտ, աշխարհի հանդեպ վատ տրամադրված, անհաջողակ մարդկանց միջավայրում, ովքեր քո մեջ իրենց արտացոլանքն են տեսնում: Ինձ մոտ այնպիսի զգացում է, ասես իմ տեղում չեմ, կյանքումս ամեն ինչ սխալ է: Ես պիտի լրիվ ուրիշ ծնողներ ունենայի`մեծ ձգտումներ ունեցող, հաջողակ, զարգացած, հոգեպես կայուն, ովքեր կոտրելու փոխարեն կոգեշնչեին ինձ կամ գոնե մի կողմ կքաշվեին ու չէին խանգարի: Նրանք մեջս երեխայի են տեսնում, ով առանց իրենց ոչնչություն է, ամեն ինչ իմ փոխարեն որոշում են: Ես չգիտեմ, թե ինչ եմ սիրում ուտել, հագուստի որ ոճն եմ նախընտրում, դպրոցում որ առարկաներն են դուրս գալիս, որովհետև երբեք ընտրության ազատություն չեմ ունեցել: Միթե ավելի լավ չի լինի վերջ տալ իմ այս անիմաստ գոյությանը, եթե միևնույն է ոչ մի օգուտ չեմ բերում մարդկությանը և ապրում եմ ոչ թե իմ, այլ ծնողներիս ուզած կյանքով:


Издательство:
Автор